ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՈՐՔԱՆ ԻՄԱՍՏՈՒՆ, ԱՅՆՔԱՆ ԽԵՆԹ»

«ՈՐՔԱՆ ԻՄԱՍՏՈՒՆ, ԱՅՆՔԱՆ ԽԵՆԹ»
03.02.2012 | 00:00

«Աշխարհահռչակ հայ գեղանկարիչ ԿԱՐԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԻ գեղագիտությունն արտահայտվում է ոչ թե ցուցադրական էմպիրիկ իրողության, այլ արվեստն իր մեջ ընդգրկող իրականության մեջ: Նրա գույները հոգու արտացոլումներն են, որոնք տեսանելի են կտավներում: Պատկերների մի մասը Կանդինսկու, Մյութերի, Մարկի կամ Սեզանի ինքնադրսևորման խմորումների մասնակի համադրությունն է: ՈՒրեմն զարմանալի ոչինչ չկա, որ Սմբատյանի նկարները խոսում են բազում լեզուներով, որտեղ հովվերգական անդորրը զուգակցվում է կենսուրախության և կյանքի ազատության հետ»:
Նիկոլ ԳՐԱՆԵՐ
Մյունխեն, 2000 թ.

Բագրատունյաց արքայական տոհմից սերող գյումրեցի Կարեն Սմբատյանի բնատուր ձիրքը «չհասցրեց» մասնագիտանալ ընդունված պատկերացումների համաձայն: Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը չավարտած (նկարչական որոշակի հմտությունը նկատելի էր արդեն 1948-ին` առաջին կուրսում արված յուղաներկ նատյուրմորտում)` 1952-ի ապրիլին զորակոչվել է ԽՍՀՄ ռազմածովային ուժեր: Հնգամյա պարտադիր զինծառայության մոտ մեկ տարին անցկացրել է Էստոնիայի մայրաքաղաքում: «Ազատ նկարիչ» մկրտված շարքային Սմբատյանին 3 տարի ինքնարտահայտման երանելի հնարավորություն է ընձեռվում: Հենց այդ տարիներին արված բազմաթիվ էտյուդներով ու գծանկարներով է բնորոշվում նրա ստեղծագործության վաղ շրջանը: Ռիգայի ծովային օդաչուների ռազմակայանում անցկացրած վերջին չորս ամիսներին միակ մխիթարությունը մեկօրյա արձակուրդներով քաղաքի պատկերասրահի զննումներն են լինում: «Թե՛ Ռիգայի, թե՛ Տալլինի «Կադրիորգի» պատկերասրահների կտավների մեծ մասը պատճեններ է,- հպարտությամբ նշում է «ծովային» Սմբատյանը մերձբալթյան գրառումներում:- Երևանի պատկերասրահի հետ սրանք համեմատվելու եզր անգամ չունեն»:
Երևանում 1957-ին ուսումնառությունն ավարտելուց հետո անմիջապես փորձում է ընդունվել Լենինգրադի գեղարվեստի ակադեմիա: Միջանցքներում մտամոլոր դեգերելիս դիպլոմանտների ցուցասրահում նկատում է Մինաս Ավետիսյանի «Ճակնդեղ հավաքողները» նկարը: Երջանիկ պատահականությամբ «Սարյանի հայրենակցին» նկատում է ակադեմիայի պրոֆեսոր Վասիլևը: «Տղաս, դուք արդեն նկարիչ եք,- «Կղզիական շրջանի» փոքրիկ նկարների տպավորությամբ եզրակացնում է ալեզարդ դասախոսը և բարեկամաբար խորհուրդ տալիս։- Այստեղ սովորելն իզուր է: Դուք պետք է սովորեք ամբողջ կյանքում և շարունակ աշխատեք, աշխատեք և աշխատեք: Հիշեք, որ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանն ավարտել է միայն Մոսկվայի գեղարվեստի ուսումնարանը, դարձել մեր ժամանակի մեծագույն նկարիչներից մեկը»:
Բազմանդամ ընտանիքի սուղ պայմանները հնարավորություն չեն տալիս տունդարձին անմիջապես ի կատար ածելու պրոֆեսոր Վասիլևի խորհուրդները: Դեռ ուսումնարանում հետազոտելով բոլոր ժամանակների ու «իզմերի» մեծահամբավ արվեստագետների ստեղծագործական յուրահատկությունները` նա սեփական մեկնաբանություն-արտապատկերումներով ինքնակամ յուրացնում է համաշխարհային կերպարվեստի հարուստ փորձը։
Առաջին անհատական ցուցահանդեսը բացվում է 1966-ին, «Կոմսոմոլեցի» խմբագրատանը: Հանրաճանաչ այցելուներից Մինաս Ավետիսյանն է «կանաչ լույս վառում» կայացման փշոտ ճանապարհին. «Կարեն Սմբատյանը մեծ ապագա խոստացող նկարիչ է: Ասում եմ` ապագա, քանի որ նրա գործերում կա մեծ պոտենցիալ ուժ»:
Նրա կտավներն այսօր սփռված են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի գրականության և արվեստի թանգարանում, Վաշինգտոնի «Արտ մոդեռն», Փարիզի «Արշիլ Գորկի», Նյու Ջերսիի «Զիմեռլի» ժամանակակից արվեստի թանգարաններում, Դեթրոյթի «Ռիչարդ Մանուկյան» ցուցասրահում և մի շարք մասնավոր հավաքածուներում: Դասականի ու մոդեռնի տարաչափ երկմիասնությամբ ներկայացող նրա գեղանկարչության մասին բազմաթիվ արվեստաբաններ են գրել: Ամենաանկեղծ գնահատականը, անկասկած, ամփոփված է Սմբատյանի օրագրային պատառիկներում: Կենսափորձի իմաստնությամբ ուշագրավ դրանցից մեկով էլ փորձենք ավարտել հոբելյանական այս դիմանկարի ուրվագիծը. «Որքան մոտենում է արվեստագետի մայրամուտը, այնքան շատ է խոսվում նրա մասին, որքան շատ է խոսվում նրա մասին, այնքան շատ է նա մեծարվում, որքան շատ է նա մեծարվում, այնքան շատ թշնամիներ է ձեռք բերում, որքան շատ թշնամիներ է ձեռք բերում, այնքան նա դառնում է իմաստուն, որքան իմաստուն` այնքան խենթ, որքան խենթ, այնքան նա մոտենում է Աստծուն, որքան մոտենում է Աստծուն... այնքան մոտենում է Անմահության»:
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1902

Մեկնաբանություններ